четверг, 4 июня 2015 г.

1826–28 թթ-ի կամ Երկրորդ ռուս-պարսկական պատերազմը
ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԻ ԳՐԱՎՈՒՄԸ


Ներածություն

Ծանր վիճակում գտնվող հայ ժողովուրդը XIX դ. ի վիճակի չէր սեփական ուժերով, առանց դրսի օգնության, տապալելու պարսկական խաների լուծը: Օգնություն կարելի էր ստանալ Ռուսաստանից: Ռուսական իշխանությունը, ելնելով իր տնտեսական և քաղաքական շահերից, գործնական քայլեր էր ձեռնարկում Հարավային Կովկասը Ռուսաստանին միացնելու ուղղությամբ: Հայերից շատերը ունեին ռուսական կողմնորոշում և դեպի Հարավային Կովկաս շարժվող ռուս զորքին ապավինելը տվյալ ժամանակաշրջանում միակ ելքն էր Արևելյանի Հայաստանի պարսկական լծից ազատվելու համար: Հայերի այդ ակնկալությունները առավել ուժեղացան XIX դ. սկզբին, երբ ռուսական զորքերը մտան Վրաստան: Հայերը խանդավառությամբ ընդունեցին 1801 թ.-ին Վրաստանի միացումը Ռուսաստանին: Դրան հաջորդող քսան տարվա ընթացքում Արևելյան Հայաստանը գրավվեց ռուսական զորքերի կողմից:

***
Չ
հաշտվելով Այսրկովկասում տարածքային կորուստների հետ՝ Պարսկաստանը, Անգլիայի դրդմամբ, որի հետ 1814 թ-ին Թեհրանում պայմանագիր էր կնքել, ձգտում էր վերանվաճել դրանք: 1816 թ-ի հոկտեմբերին Ն. Ռտիշչևին փոխարինած գեներալ Ալեքսեյ Երմոլովը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել շահի հետ: Սակայն 1826 թ-ի գարնանը պարսից արքունիքում հաղթել է Աբբաս Միրզայի ռազմատենչ խմբավորումը, և պարսկական զորքերը, առանց պատերազմ հայտարարելու, 1826 թ-ի հուլիսի 16-ին ներխուժել են Ռուսաստանին անցած տարածքներ: Աբբաս Միրզան 60-հզ-անոց բանակով շարժվել է դեպի Թալիշ և Ղարաբաղ՝ Թիֆլիս արշավելու նպատակով: Պարսիկները գրավել են Ելիզավետպոլը, իսկ հուլիսի 26-ին պաշարել են Շուշիի բերդը: 
Ռուսական կայազորը (1700 հոգի) և բերդում ապաստանած հայերը, գնդապետ Իվան Ռեուտի հրամանատարությամբ, դիմել են ինքնապաշտպանության: Գեներալ Երմոլովի հրամանում ասվում էր. «Պաշտպանվեցե՜ք մինչև վերջին մարդը: Հայերին զինե՜ք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն: Սպասեցե՜ք մեզ»: 
Շուշիի 47-օրյա պաշտպանությամբ ձախողվել են թշնամու ռազմական պլանները: Սեպտեմբերի 3-ին հայազգի գեներալ Վալերիան Մադաթովը Շամքորի մոտ 2-հզ-անոց զորաջոկատով պարտության է մատնել Աբբաս Միրզայի 10-հզ-անոց զորամասին, սեպտեմբերի 5-ին գրավել Ելիզավետպոլը: Աբբաս Միրզան, թողնելով Շուշիի պաշարումը, շարժվել է Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին միանալու էր շտապում գեներալ Իվան Պասկևիչը: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ 8-հզ-անոց ռուսական զորամասը ջախջախել է Աբբաս Միրզայի 35-հզ-անոց բանակը և նրա մնացորդները շպրտել Արաքսից այն կողմ: 
1827 թ-ի մարտին Երմոլովին փոխարինել է Իվան Պասկևիչը: 

Ապրիլի 2-ին ռուսական առաջապահ զորքերը և հայ կամավորական գնդերը, գեներալ Կոնստանտին Բեկենդորֆի գլխավորությամբ, Ապարանով մտել են Երևանի խանության սահմանները, ապրիլի 13-ին ազատագրել Էջմիածինը: Մայիսի 13-ին ռուսական գլխավոր ուժերը, Պասկևիչի հրամանատարությամբ, մտել են Երևանի խանություն և հունիսի 8-ին հասել Էջմիածին: Գեներալ Աֆանասի Կրասովսկու դիվիզիային թողնելով ապրիլի 27-ից պաշարված Երևանը՝ Պասկևիչը գլխավոր ուժերով շարժվել է դեպի Նախիջևանի խանություն: Հունիսի 26-ին գրավել է Նախիջևանը, հուլիսի 5-ին Ջևան-Բուլաղում պարտության մատնել պարսկական բանակին: Հուլիսի 7-ին հանձնվել է Աբբասաբադ ամրոցը: Սակայն շոգի և հիվանդությունների պատճառով Ա. Կրասովսկին թողել է Երևանի պաշարումը և իր դիվիզիային հանգստի տարել Արագածի լանջերը: 

Աբբաս Միրզան, օգտվելով իրավիճակից, 30-հզ-անոց բանակով թևանցել է ռուսական բանակին և պաշարել Էջմիածինը: Ա. Կրասովսկին շտապել է օգնության: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի հետ ճակատամարտում հաղթել են ռուսները: 
Օշականի ճակատամարտի պատվին 1834 թ-ին կառուցվել է հուշարձան, որը կանգուն է մինչ այսօր: 
Ռուսական բանակի գլխավոր ուժերը, Պասկևիչի հրամանատարությամբ, սեպտեմբերի 19-ին գրավել են Սարդարապատը, սեպտեմբերի 25-ին պաշարել Երևանի բերդն ու սկսել ռմբակոծումը: «Հինգ օր, հինգ գիշեր սար ու ձոր դմբում, դմբդմբում էր...»,– գրել է ժամանակակիցը՝ Խաչատուր Աբովյանը: 1827 թ-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերը, նրա առաջին շարքերում՝ դեկաբրիստ զինվորներն ու հայ կամավորականները, մտել են բերդ: 
Երևանի գրավման համար Պասկևիչն ստացել է «Կոմս Էրիվանսկի» պատվանունը, շատերը (նաև հայեր) պարգևատրվել են «Երևանի բերդի գրավումը» մեդալով: Այնուհետև Պասկևիչն արշավել է Նախիջևան և Թավրիզ: 
Գեներալ Գեորգի Էրիսթովի առաջապահ ջոկատը հոկտեմբերի 3-ին գրավել է Մարանդը, հոկտեմբերի 14-ին՝ Թավրիզը, իսկ հոկտեմբերի 19-ին Թավրիզ են մտել գլխավոր ուժերը: Պարսից կառավարությունը հաշտություն է առաջարկել, սակայն 1828 թ-ին ռուս-թուրքական պատերազմի սկսվելու պատճառով բանակցությունները ձգձգվել են: Ռուսական բանակի արագ առաջխաղացումը Պարսկաստանում և Ուրմիայի (1828 թ-ի հունվարի 15) ու Արդաբիլի (հունվարի 25) գրավումը հարկադրել են Ֆաթհ Ալի շահին ընդունել առաջարկված հաշտության պայմանները: 1828 թ-ի փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանը (Երևանի ու Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը) միացվել է Ռուսաստանին: Նույն թվականի գարնանն սկսվել է պարսկահայերի (40–42 հզ.) ներգաղթը Արևելյան Հայաստան:




Հայերի աջակցությունը ռուսական բանակին

Պ
ատերազմների ժամանակ հայ ժողովուրդը զգալի ռազմական, նյութական և բարոյական օգնություն է ցույց տվել ռուսական բանակին: 1804–13 թթ-ի պատերազմի ընթացքում Երևանի բերդի առաջին պաշարմանը (1804 թ.) մասնակցել են 100 հեծյալից կազմված հայկական աշխարհազորային և Ռոստոմ Բեկի (Ռուստամ) գլխավորած հայկական հեծյալ ջոկատները: Պատերազմի առաջին իսկ օրերից Ղազախ-Շամշադինում և Դիլիջանում թշնամու դեմ սրընթաց գրոհներ է կատարել վարդապետ Գրիգոր Մանուչարյանցի աշխարհազորային ջոկատը (500 հեծյալ): Լոռի-Փամբակում աչքի են ընկել Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը և Մելիք-Աբովի հեծելաջոկատը (50 հեծյալ): 1806 թ-ին Ղարաբաղում կռվել է Մելիք-Ջումշուդ Շահնազարյանցի հեծյալ ջոկատը: 
1811–12 թթ-ին Զանգեզուրում նույնպես կազմակերպվել են աշխարհազորային ջոկատներ, որոնք մասնակցել են ռուսական զորքերի ռազմական գործողություններին: Շատ հայեր՝ որպես ռազմական հետախույզներ ու կապավորներ, մեծապես օժանդակել են ռուսական զորքերին: Խիզախությամբ և համարձակությամբ աչքի են ընկել Հարություն Բաբիջանյանը, Վանի և Հակոբ Աթաբեկյան եղբայրները, Հովհաննես Ասլանյանը (Երկրորդ ռուս-պարսկական պատերազմի հերոս), Հարություն Մանուկյանը, Մկրտիչ Կոստանյանը, Համազասպ Եսայանը և ուրիշներ:
1827 թ-ի գարնանը վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու (Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1843–57 թթ-ին) և բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ու այլ քաղաքներում ստեղծվել են հայկական կամավորական գումարտակներ (ընդգրկվել են 18–30 տարեկան տղամարդիկ), որոնք ունեցել են իրենց կանոնադրությունը, ազգային դրոշը և հայ հրամանատարներ՝ զինվորական աստիճանով: Ղարաբաղի հայերը նույնպես կազմավորել են կամավորական մի հեծելազոր: 
Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների թիվը հասել է ավելի քան 1000 հոգու: 
1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմին, որպես հեծյալ ջոկատի հրամանատար, մասնակցել է Նապոլեոն I-ի թիկնապահ Ռուստամը (Ռոստոմ Խաչատուրյան) և Ղարաբաղի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում: 
Պատերազմների ժամանակ ռուսական բանակի պարենի պակասը հոգացել են հայ բնակիչները, զգալի օգնություն է ցույց տվել նաև Սբ Էջմիածնի վանքը:
Երկրորդ ռուս-պարսկական պատերազմին գործուն մասնակցություն են ունեցել նաև Կովկաս աքսորված դեկաբրիստները (70 սպա և 3 հզ. շարքային զինվորներ):

Պատերազմական իրադարձությունները շարունակվեցին նաև 1827թ-ին:


Ռազմական գործողությունները 1827թվին: ԵրԵՎանի գրավումը

1
827թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին:
Երբ գեներալ Կրասովսկին իր զինվորներին ամռան շոգերից պատսպարվելու համար հանգիստ էր տվել Արագածի լանջերին, Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվեց Էջմիածնի վրա: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորամասի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:
Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից: Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս:
Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը: Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը: Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին: Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով: Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով: Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ: Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը: Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը: «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը: 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ: Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և
Հասան խանը: Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով:
Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր: Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը: Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը: Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան:
Պատերազմում մեծ էր ժամանակի նշանավոր գործիչ, վրացահայության հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու դերը, որը սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին: «Հասավ ժամը,- գրում էր նա,- երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը..., ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»:
Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան հայ կամավորները և դեկաբրիստները: 1827թ. գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին: 1827թ. մարտին
Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը: Մայիս ամսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 կամավորներ: Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների շարքերը համալրվեցին՝ հասնելով ավելի քան 1000 հոգու:
Պատերազմական գործողություններին գործուն մասնակցություն ունեցան Կովկաս աքսորված դեկաբրիստները: Նրանցից 70 սպաներ և 3000 շարքայիններ մասնակցեցին ռազմական գործողություններին: Աչքի ընկնող դեկաբրիստներից էին Ե. Լաչինովը, Մ. Պուշչինը, Դ. Դավիդովը, Ի. Բուրցովը, Ն. Օրժիցկին և շատ ուրիշներ: Դեկաբրիստ սպաների ռազմական խոր գիտելիքները, շարքայինների փորձն ու մարտունակությունը էական նշանակություն ունեցան հաղթանակի գործում:

Եզրակացություն
Ռուս-պարսկական երկրորդ պատերազմը, մասնավորապես, Երևանի բերդի գրավումը, շրջադարձային եղավ Արևելյան Հայաստանի համար: Վերջապես Հայաստանի արևելյան հատվածը կարողացավ ազատվել բազմադարյա մահմեդական լծից: Չնայած ցարական Ռուսաստանը, միացնելով իրեն Արևելյան Հայաստանը, առաջնորդվում էր իր շահերով, հայերի վիճակը, այնուամենայնիվ, ռուսական լծի տակ անհամեմատ ավելի բարվոք էր պարսկականի հետ համեմատ: Թեև փակվեցին հայկական դպրոցներ, հալածվում էր հայ եկեղեցին, հայ ազնվականների իրավունքները չճանաչվեցին, այսուհանդերձ, հայերի ֆիզիկական գոյությունը  ապահովված էր: Հայաստանի միացումը թույլ տվեց Պարսկակստան և այլուր  տարագրված մեծաքանակ հայությանը վերադառնալ Հայաստան և վերահիմնադրվել հայրենի հողում: Օգտվելով համեմատաբար բարվոք վիճակից, չնայած բազմաթիվ խոչընդոտների, հայ ժողովուրդը կարողացավ զարգացնել մշակույթը, տնտեսությունը՝ վառ պահելով իր մեջ անկախ Հայաստանի երազանքը:


Աղբյուրներ
Դպրոցական մեծ հանրագիտարան, Գիրք II
Հայկական սովետական հանրագիտարան, Սովետական Հայաստան