среда, 3 июня 2015 г.

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ


Liberté, égalité, fraternité
Ազատություն, հավասարություն, եղբայրություն

«Երբ հապաղում ես, թե որ ուղով տանես հեղափոխությունը՝ խնդիրն այն չէ, թե ինչպես իրագործել այն, այլ, թե ինչպես այն պահել հսկողության տակ»:

Օնորե Միրաբո

«Ազատության գաղտնիքը մարդկանց կրթելու մեջ է, մինչդեռ բռնապետության գաղտնիքը՝ նրանց տգետ պահելու»

Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռ

Ներածություն

Ֆրանսիական մեծ հեղափոխությունը  Եվրոպայի և ամբողջ աշխարհի 18-րդ դարի


կյանքում տեղի ունեցած ամենամեծ սոցիալական և քաղաքական պայթյունն ու ցնցումն էր, դա ֆրանսիական ժողովրդի՝ հազարամյա բռնապետության, աղքատության, կաշառվածության, անհավասարության դեմ ցասումն էր, նրա ձգտումն էր դեպի ավելի լավ ապագա: Միաժամանակ, ֆրանսիական մեծ հեղափոխությունն առաջ բերեց սարսափելի կողմեր՝ հաշվեհարդար նախկին ազնավականների, եկեղացականների, այլ քաղաքական հայացքներ ունեցող հեղափոխականների նկատմամբ՝ հազարավոր կորսված կյանքեր գիլյոտինի վրա, ահաբեկչությունն ու հալածանքը որպես առօրյա, բարձրարժեք եկեղեցիների ոչնչացում և այլ: Այսուհանդերձ, հեղափոխության արդյունքում տապալվեցին հին միապետական կարգերը և Ֆրանսիան  դարձավ նոր ժամանակների առաջին հանրապետությունը. այն հայտարարեց հավասար իրավունքներ և պարտականություններ իր բոլոր քաղաքացիների համար՝ համաձայն «ազատություն, հավասարություն,  եղբայրություն» իր հայտնի կարգախոսի: Այն մեծագույն ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհի վրա՝ տարածվեցին ազատության և ժողովրդավարության գաղափարները: Շատ պատմաբաններ կարծում են, որ Ֆրանսիական հեղափոխությունը մարդկության կյանքում մեծագույն իրադարձություններից է:

Հեղափոխության պատճառները

Ֆրանսիական մեծ հեղափոխության հիմքում ընկած են սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ բազմաթիվ պատճառներ:
Մյուս կողմից, հեղափոխությունը իր դարը ապրած ֆեոդալամիապետական համակարգի երկարատև և ավելի խորացող ճգնաժամի օրինաչափ արդյունք էր: Այն արտացոլում էր բնակչության հիմնական մասը կազմող երրորդ դասի (մանր բուրժուաներ, գյուղացիություն, պլեբեյության) և արտոնյալ   դասակարգի՝ ազնվականության միջև անհաղթահարելի հակասությունները:
Տնտեսական պատճառներից էր համատարած աղքատությունը, վերջին մի քանի տարիների անբերքատվության հետևանքով առաջ եկած սննդի թանկությունը,  թերի հարկային համակարգը, պետական բյուջեի աննպատակ վատնումը ամերիկյան պատերազմների վրա:
Միաժամանակ Վերսալում գտնվող արքայական վերնախավը բացարձակ կղզիացել էր ժողովրդից և անտարբեր էր օրեցոր խորացող ճգնաժամի նկատմամբ: Լյուդովիկոս XVI թեև տեսականորեն կատարյալ միապետ էր, իրականում նա բազմիցս նահանջում էր անհրաժեշտ ֆինանսական և տնտեսական բարեփոխումների գործում իր անվճռականության հետևանքով:
Ֆրանսիական հեղափոխության գործում մեծ դերակատարում ունեցան Լուսավորության գաղափարները, որոնց կրողները՝ բազմաթիվ  գրողները, հրատարակիչները կարողանում էին միապետության դեմ տրամադրել հանրային կարծիքը:

Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը 1789-ի հուլիսի 14-ն էր, երբ ժողովուրդը գրավեց միապետության խորհրդանիշ Բաստիլի ամրոցը և քանդեց այն: Սա ժողովրդի առաջին հաղթանակն էր, այս օրը նշվում է իբրև տոն՝ ժամանակակից Ֆրանսիայում:  Արքան ստիպված էր ճանաչել հեղափությունը: Առաջիկա շաբաթների ընթացքում հեղափոխությունը տարածվեց ամբողջ երկրով: Քաղաքներում հասարակ ժողովուրդը փոխարինում էր հին տեղական իշխանությունները նոր քաղաքային մարմիններով: Փարիզում և այլ քաղաքներում ստեղծվում էր զինված Ազգային գվարդիան: Միաժամանակ առաջացած հզոր գյուղացիական շարժումները ամրապնդեցին հեղափոխության հաղթանակը: 1789թ. օգոստոսի 26-ին Սահմանադիր ժողովը ընդունեց աշխարհում առաջին Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը:

1789 թ. Գլխավոր շտատներ

Արքան ծայրահեղ ֆինանսական իրավիճակի բարելավման համար իր նախարար Կալոնի խորհրդով ընդունեց ազնվականությանը և հոգևորականությանը հարկելու գաղափարը: Սրա համար 1789 թ մայիսին հրավիրվեցին Գլխավոր շտատները, որոնք չէին կանչվել 1614թ-ից:  

 1789 թ. մայիսի 5-ին Վերսալում բացվեցին Գլխավոր շտատների նիստերը։ Մինչ այդ Ֆրանսիայում ստեղծված պետության և. քաղաքացիական հասարակության վերացական հակամարտությունը այժմ արդեն քաղաքական մարմնավորում ստացավ։ Դրա հետևանքը եղավ այն, որ հունիսի 17-ին երրորդ դասի ներկայացուցիչների ժողովը իրեն հռչակեց Ազգային ժողով, որով ծնունդ Էր առնում պետական նոր ձև, պետական իշխանության փաստական երկվություն, որ հղի Էր պայթյունով։ Դրությունը ավելի սրվեց, երբ հուլիսի 5-ին Ազգային ժողովը իրեն հռչակեց Սահմանադիր ժողով: Ազգային ժողովի անդամները երդվեցին, որ չեն հեռանա, մինչև չընդունեն Ֆրանսիայի սահմանադրությունը:

Բաստիլի գրավումը

Բայց արքունիքը մտադիր չէր հեշտ ու հանգիստ տեղի տալ և որոշեց հակահարձակման անցնել, ուստի սկսեց Վերսալ և Փարիզ զորք տեղաշարժել, անհուսալի զորամասերը փոխարինել նորերով և հուլիսի 11-ին պաշտոնաթող արեց Նախարար Նեկկերին։ Այս ամենը բուրժուազիան և ժողովուրդը ընկալեցին որպես հակահեղափոխական ուժերի անցում հարձակման և Փարիզում զայրույթի պոռթկում առաջացավ։ Արդեն հուլիսի 12-ի երեկոյան տեղի ունեցան առաջին ընդհարումները ժողովրդի և զորքերի միջև։ Ոտքի ելած ժողովրդական զանգվածները հուլիսի 14-ին գրավեցին Բաստիլը, բացարձակ միապետության խորհրդանիշը, տանելով առաջին հաղթանակը։ Սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը:

Ֆրանսիական մեծ Հեղափոխության սկզբնական փուլի առանձնահատկությունն այն էր, որ ամբողջ երրորդ դասը միասնաբար հանդես եկավ ատելի բացարձակ միապետական կարգերի դեմ։ Հենց դրանով էր պայմանավորված հեղախության հաջող սկիզբը և արագ տարած առաջին հաղթանակը։ Հեղափոխությունը միաձուլեց դասակարգայնորեն տարատեսակ ամբողջ երրորդ դասը, այսինքն՝ ֆրանսիական ազգի ճնշող մեծամասնությունը: Բաստիլի գրավումը և հեղափոխության հաղթանակը հսկայական արձագանք գտավ երկրում։ Քաղաքների մեծ մասում, նոր քաղաքային իշխանության ստեղծմանը զուգընթաց, սկսվեցին ստեղծվել նաև զինված ուժերը՝ ազգային գվարդիան, որը դիմակայում էր ոչ միայն ավատատիրական-բացարձակ միապետական վար չակարգին, այլև քաղաքային լյումպենի և գյուղացիների ապստամբություններին։

Ավատատիրության վերացումը և Մարդու ու քաղաքացու իրավունքների հռչակագիր

1789թ. օգոստոսի 26-ին (Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի  ընդունումը, որը ոչ միայն կարևոր նշանականություն ունեցավ Ֆրանսիայի, այլև ամբողջ աշխարհի համար՝ հռչակելով «ազատություն, հավասարություն, եղբայրություն»։ Հռչակագրում արծարծված սկզբունքները՝ մարդկանց իրավահավասարության, անձի ազատության և  ճնշմանը դիմադրելու իրավունքի մասին, աոաջադիմական դեր խաղացին ոչ միայն տվյալ ժամանակաշրջանում, այլև հետագայում։ Սահմանադրականները, ի դեմս Միրաբոյի, Լաֆայետի, Բայիի,  իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։


 
Կանանց երթը Վերսալ

Հենց սկզբից կանայք ակտիվ դեր ունեին հեղափոխության գործում: Նրանք մասնակցեցին Բաստիլի գրավմանը, բողոքի երթեր էին կազմակերպում թանկությունների և ճգնաժամի դեմ: Կանայք մեծ հույսեր ունեին հեղափոխությունից, որ այն կբարելավի իրենց կյանքը: Հաճախ կանանց ուսերի վրա էր իրենց ընտանիքների համար հանապազօրյա հաց հայթայթելու դժվարին խնդիրը: Նրանցից շատերը մանր առևտրականներ, լվացարարուհիներ, դերձակուհիներ, սպասուհիներ էին հարուստների տներում: Նրանք չունեին կրթվելու հնարավորություն, կանանց վճարվող աշխատավարձները շատ ավելի քիչ էին,  քան տղարմարդկանցը:  1789 թ.-ին հոկտեմբերի 5-ին մոտ 7 000 կին ուղղվեցին դեպի Վերսալ՝ վերցնելով իրենց հետ թնդանոթներ և զենքեր: Նրանք պահանջեցին Լյուդովիկոսից, որ նա լուծի սննդի հետ կապված դժվարությունները Փարիզում և ճանաչի Ազգային ժողովի լիազորությունները: Բացի այդ, կանայք պահանջեցին արքայից, որ նա տեղափոխվի Փարիզ: Արքան ու իր ընտանիքը ստիպված էին համաձայնել և տեղափոխվեցին Փարիզ «Ազգային գվարդիայի «պաշտպանության» ներքո:

Սահմանադրական միապետություն

1791թ.-ին Ազգային ժողովը ընդունեց սահմանադրություն, որով սահմանափակվում էր արքայի իշխանությունը: Այսպիսով, Ֆրանսիան վերածվեց սահմանադրական միապետության:  Ֆրանսիան հայտարարվում էր սահմանադրական միապետություն, Արքան էր նշանակում նախարարներին և բարձրագույն զորահրամանատարներին, սակայն նախարարները հաշվետու էին Օրենսդիր ժողովի աոջև, բարձրագույն Օրենսդիր ժողովի, որը միապալատ էր և ընտրվում էր երկու տարով։ Ընտրություններն երկաստիճան էին, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեին միայն ակտիվ քաղաքացիները։

Քաղաքական ակումբների առաջացումը

Ժողովրդի լայն զանգվածներ դժգոհ էին 1791թ.-ի սահմանադրությունից, քանի որ այն քաղաքական իրավունքներ էր ընձեռում միայն հասարակության ունևոր խավերին: Նրանցից շատեր համոզված էին, որ հեղափոխությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև լայն զանգվածների նույնպիսի իրավունքներ ստանալը: Ժողովուրդը սկսեց համախմբվել քաղաքական ակումբներում՝ բարձրացնելու համար իրենց ձայնը կազմակերպված ձևով և քննարկելու տարվող քաղաքականությունը: Ամենազգալի ակումբներից էր Յակոբինյան ակումբը, որ կրում էր Փարիզի Սբ. Հակոբ մենաստանի անունը, քանի որ դրանց անդամները այնտեղ էին հավաքվում: Յակոբինյանները պատգամավորներից, առաջատար մտածողներից կազմված ռադիկալ ազատականների խումբ էր, որոնք փորձում էին հեղափոխությունը ագրեսիվ կերպով առաջ մղել: Չվստահելով Լյուդովիկոս XVI-ին, նրանք ցանկանում էին վերացնել սահմանադրական միապետությունը և Ֆրանսիան հռչակել հանրապետություն:
Այլ ազդեցիկ խմբեր, որոնցից ամենակարևորը Ժիրոնդիստներն էին, համաձայն չէին Յակոբինյանների հայացքների հետ: Ժիրոնդիստները ավելի չափավոր էին, պաշտպանում էին սահմանադրական միապետությունը: Կար նաև հասարակ զանգված, որոնց ֆրանսերեն անվանում էին «սան կյուլոտ»՝ այսինքն «առանց կիսատաբատների», որը ունևոր և ազնվական խավի հագուստն էր: Սանկյուլոտները հագնում էին երկար՝ բանվորական տաբատներ: Բացի այդ, նրանք կրում էին կարմիր փռյուգիական գլխարկներ, որը խորհրդանշում էր ազատությունը: Այս խումբը հաճախ վերածվում էր անկառավարելի ծայրահեղ ամբոխի: Յակոբինյանների և սանկյուլոտների դաշինքը մահացու ուժ էր ներկայացնում իրենից: Գյություն ունեին նաև կանացի ակումնբեր, օրինակ՝ «Հեղափոխական և հանրապետական կանանց ընկերությունը»: Սրանք ամենառազմատենչ և ռադիկալ կանացի ակումբն էր: Հայտնի է նաև Օլիպեդ Գուժը, ով «Կանանց իրավունքների հռչակագրի» հեղինակն էր: Սակայն, պետք է նշել. Որ Տեռորի տարիներին, այս բոլոր կանացի ակումբները փակվեցին, և այս կանանցից շատերը ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին:

Արքայի փախուստը Վարեն
Չնայած արքայի ձևական աջակցմանը հեղափոխությանը, նա գաղտնի կապի մեջ էր Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի միապետների հետ, հույս ունենալով սրանց միջոցով ճնշել հեղափոխությունը: 1791թ.-ի հունիսի 20-ին արքան իր ընտանիքի հետ միասին փորձեց փախուստի դիմել դեպի ավստրիական սահման, որտեղ նրան պետք է սպասեր ավստրիական զորքը՝ պատրաստ ներխուժելու և ճնշելու հեղափոխությունը: Այսուհանդերձ, մյուս օրը արքայական ընտանիքին ճանաչեցին Վարենում: Այն ձերբակալվեց և Ազգային գվարդիայի հսկողության տակ վերադաձրվեց Փարիզ: Ազգային ժողովը ժամանակավորապես դադարեցրեց արքայի լիազորությունները և արքային ու թագուհուն բանտարկեց Թյուիլրի պալատում: 

Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը
Ի պատասխան արքայի ձերբակալության և պարտադրված վերադարձին Փարիզ, Ավստրիան և Պրուսիան 1791 թ.-ին թողարկեցին այսպես կոչված Պիլնիցի հռչակագիրը, որով նրանք նախազգուշացնում էին որևէ վնաս չհասցնել Լյուդովիկոսին և պահանջելով միապետության վերականգնումը, հավանաբար վախենալով հեղափոխության ազդեցությունից սեփական երկրներում: 1792թ.-ի ապրիլին Ազգային ժողովը պատերազմ հայտարարեց Ավստրիային ու Պրուսիային: Հազարավոր կամավորներ միացան բանակին երկրի տարբեր շրջաններից: Ժողովուրդն այս պատերազմը դիտում էր որպես պատերազմ արքայի դեմ և եվրոպական արիստոկրատիայի: Հայրենասիրական երգերի շարքում էր Ռոժե Լիլի կողմից գրված Մարսելյեզը, որն այժմ Ֆրանսիայի պետական օրհներգն է:  Այս հեղափոխական պատերազմները պատճառեցին մեծ կորուստներ և տնտեսական դժվարություններ ֆրանսիցի ժողովրդին: 1792 ամռանը սան-կյուլոտները և յակոբինյանները գրավեցին Թյուիլրին և գերևարեցին արքային ու նրա ընտանիքը: Ազգային ժողովը քվեարկեց արքայի բանտարկության օգտին:    

Առաջին հանրապետությունը
Ազգային ժողովը ինքնալուծարվեց և 1792 թ.-ին նորից կայացան ընտրություններ: Այս անգամ 21 տարեկանից բարձր քաղաքացիները ստացան քվեարկելու իրավունք: Նորընտիր ժողովը կոչվեց Ազգային համագումար: 1792 թ.-ի սեպտեմբերի 21-ին այն վերացրեց սահմանադրական միապետությունը և հռչակեց Ֆրանսիան հանրապետություն: Սա ավելի սարսափեցրեց Եվրոպայի միապետություններին: Այժմ Ֆրանսիայի առաջնորդը ընտրվելու էր և ժառանգականության սկզբունքը դադարեցվում էր:  1793 թ.-ին Լյուդովիկոս XVI-րդ մահապատժի ենթարկվեց գիլյոտինի վրա, դատարանի առջև կանգնելուց և մեղադրվելուց հետո: Մի քանի ամիս անց Մարի-Անտունետը՝ Ֆրանսիայի թագուհին նույնպես գլխատվեց:

Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը
Արքայի գլխատումից հետո, ներքին և արտաքին պատերազմներն ու խռովությունները տագնապային իրավիճակ ստեղծեցին Ֆրանսիայում: Իրավիճակը վերահսելու նպատակով Ժիրոնդիստների կողմից վերահսկվող Ազգային համագումարը ստեղծեց Հանրային անվտանգության կոմիտե: Կոմիտեն ընթանում էր չափավոր ուղով, սակայն շատերի համար այն թույլ և անարդյունավետ էր: Սան-կյուլոտները գրոհեցին Ազգային համագումարը և մեղադրեցին Ժիրոնդիստներին արիստոկրատիայի շահերի պաշտպանը լինելու մեջ: Օգտվելով հարմար պահից յակոբինյանների առաջնորդ Մքասիմիլիան Ռոբեսպիեռը իր ձեռքը վերցրեց Ազգային համագումարը, վտարեց Ժիրոնդիստներին և իշխանության բերեց յակոբինյաններին: Մեկ անգամ ևս սան-կյուլոտները ապացուցեցին, որ կարող են կտրուկ փոխել հեղափոխության ընթացքը: Ռոբեսպիեռը ընթանում էր Ռուսոյի Ընդհանուր կամքի և ֆրանսիական հանրության մաքրման գաղափարներով: Բոլոր նրանք, ովքեր նրա կողմից կասկածվում էին հանրապետության թշնամի լինելու մեջ՝ նախկին ազնվականները, հոգևորականությունը, այլ քաղաքական կուսակցությունների և նույնիսկ իր կուսակցության անդամները, որոնք համաձայն չէին նրա վարած մեթոդների հետ ձերբակալվում, բանտարկվում են և կանգնելով տրիբունալի առջև՝ դատապարտվում մահապատժի՝ գիլյոտինի վրա: 1793 թ.-ից մինչև 1794 թ.-ը գլխատվել է ավելի քան 25 000 մարդ, այդ թվում հայտնի հեղափոխական Դանտոնը և շատ ուրիշներ: Չնայած իր ահաբեկչական բնույթին, յակոբինյան բռնապետությանը հաջողվեց հաջողություն գրանցել պատերազմներում: Այդ ժամանակ արգելվեցին բարձր սոցիալական հասարակական դիրքի բոլոր խորհրդանիշները՝ կարճ տաբատները /կյուլոտները/, դիմափոշին, գոհարեղենը և այլն: Սահմանափակվեցին աշխատավարձների և գների առավելագույն չափերը: Գյուղացիները ստիպված էին իրենց մթերքը վաճառել ամրագրված գներով: Միսն ու հացը տրվում էին չափաբաժիններով: Թանկարժեք հացն արգելվեց, բոլորը պարտավոր էին ուտել միատեսակ անքաշ հացից: Արգելվեցին պարոն և տիկին դիմելաձևերը: Բոլորը պարտավորված էին միմյանց դիմել քաղաքացի և քաղաքացուհի դիմելաձևերով: Եկեղեցիները վերածվեցին զորանոցների: Ստրկությունը վերացվեց: Ռոբեսպիոեռը այնքան ջերմեռանդ էր իր գաղափարների կյանքի կոչման մեջ, որ անգամ իր աջակիցները սկսեցին նրանից ավելի չափավոր գործելու պահանջ ներկայացնել՝ ընդդիմանալով նրա վարած անվերջանալի արյունահեղ կառավարմանը:  Վերջապես հեղաշրջման հետևանքով Ռոբեսպիեռը և նրա աջակիցները ձերբակալվեցին ու գլխատվեցին գիլյոտինի վրա 1794 թ.-ի հուլիսի 28-ին:

Դիրեկտորիա
Յակոբինյան կառավարության անկումը հնարավորություն տվեց ունևոր բուրժուազիային և միջին դասակարգին իր ձեռքը վերցնել իշխանությունը: 1795 թ.-ին պարտադրվեց նոր սահմանադրություն, որը կրկին վերացրեց չքավոր խավի ընտրելու իրավունքը: Ստեղծվեցին երկու օրենսդրական խորհուրդներ, որոնք նշանակում էին դիրեկտորիան՝ հինգ անդամից բաղկացած գործադիր մարմին: Սա արվում էր մեկ անձի ձեռքում իշխանությունը կենտրոնացնելուց խուսափելու նպատակով, ինչպես դա Յակոբինյանների ժամանակ էր:  Սակայն, հաճախ, դիրեկտորները հակասությունների մեջ էին օրենսդիրների հետ, որոնք ձգտում էին հեռացնել նրանց իշխանությունից:  Քաղաքական անկայունությունը հնարավորություն ընձեռեց Նապոլեոն Բոնապարտին, որպես ռազմական բռնապետ զավթել իշխանությունը:

Նապոլեոն Բոնապարտ
1799թ.-ին Նապոլեոն Բոնապարտը հռչակվեց Առաջին կոնսուլ: Նա օգտագործեց իր իշխանությունը՝ զգալիորեն վերակազմավորելով Ֆրանսիան՝ կենտրոնացնելով իշխանությունը իր ձեռքում և վերականգնելով կաթոլիկ հավատը:  Կրկին փոփոխվեց սահմանադրությունը, որը հաստատվեց հանրաքվեով: 1804 թ.-ին Նապոլեոնը իրենց հռչակեց Ֆրանսիայի կայսր, ինչն էլ նշանավորեց հեղափոխության վերջը:  Նապոլեոնը ներխուժեց և գրավեց մի շարք հարևան երկրներ, գահընկեց անելով իշխող արքայական տոհմերին, ստեղծելով նոր թագավորություններ, որոնց գահին նստեցնում էր իր բարեկամներին ու ազգականներին: Նա նորից ներմուծեց ստրկությունը, որը Յակոբինյանները արգելել էին: Նապոլեոնը իրեն դիտարկում էր որպես Եվրոպայի արդիականացնող: Նա ներմուծեց նոր օրենքներ, օրինակ սեփականության պաշտպանության օրենքը, մշակեց այսպես կոչված Նապոլեոնի կոդեքսը: Սկզնապես Նապոլեոնը դիտվում էր որպես ազատարար, ով ազատություն կբերի այլ ժողովուրդներին, սակայն հարևան ժողովուրդները հիասթափություն ապրեցին, քանի որ շատերի համար նա օտար զավթիչ էր: 1815 թ.-ին Նապոլեոնը պարտվեց Վաթերլոյի ճակատամարտում: Սակայն նրա շատ գաղափարներ երկար ժամանակ ազդեցություն ունեցան Եվրոպայի վրա:


Աղբյուրներ.



Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը (200-ամյակի առթիվ ) Պատմ. գիտ ղոկտոր Լ. Ա. ԴԻԼՈՅԱՆ, ՊԲՀ, 1989-2(3).

https://ru.wikipedia.org/wiki/Великая_французская_революция



https://ssl.gstatic.com/ui/v1/icons/mail/images/cleardot.gif



Комментариев нет:

Отправить комментарий